вторник, 21 августа 2012 г.

Խորհուրդներ` այլմոլորակայինների հանդիպելիս


Հատկապես վերջին շրջանում աշխուժացել են լուրերն այն մասին, թե ինչքան հաճախ են այլմոլորակայիններն այցելում մեր Երկիրը: Ով չի ալարում՝ իր գլխին եկած մի պատմություն է պատմում այլմոլորակայինների հետ շփումների մասին: Վերջերս նույնիսկ Հ1 հեռուստածրագրով նման մի հաղորդում ցույց տվեցին, իսկ առաջ այդպիսի բաներ ցուցադրում էր միայն ՙԱրմենիան՚: Ուրեմն մի լուրջ բան կա, ուրեմն մի օր էլ, սիրելի երեխաներ, ձեզանեց յուրաքանչյուրը կարող է ստիպված լիենել լուրջ շփումներ հաստատել այլ գալակտիկայից ժամանած մի հումանոիդի հետ: Եվ որպեսզի մեր Երկրագնդի բնակիչը նրանց հանդիպելիս խայտառակ չլինի, որոշեցինք տպագրել կանոնների մի հավաքածու, որը կօգնի ճիշտ վարվել նման ՙարտակարգ իրավիճակում՚:
1. Ով տեսել ու շփվել է այլմոլորակայինների հետ՝ վստահ ասում է, որ նրանք բոլորովին նման չեն մեզ, բայց սա դեռ չի նշանակում, որ կարելի է մատը տնկել վրան ու ճչալ, ասենք. ՙՀլը սրա մազալու դեմքին նայեք՚, կամ՝ մեկ այլ, ավելի խայտառակ արտահայտություն:
2. Նրանց հետ շփվելիս ծամոնը մի ճպճպացրեք բերանում ու փուչիկ մի սարքեք, արեւածաղկի սերմիկ, պարզ ասած՝ սեմուշկա մի չրթեք, գետնին մի թքեք. հիշեք, սրանք բաներ են, որ բոլոր գալակտիկաներում էլ համարվում են անկուլտուրական, անկիրթ արարք:
3. Համենայն դեպս խորհուրդ չի տրվում քիթը մատով քչփորել. ի՞նչ իմանաս, նրանց մոլորակում դա ի՞նչ կնշանակի:
4. Եթե հանկարծ նրանք կհրավիրեն մի զբոսանք կատարել իրենց տիեզերանավով՝ մի համաձայնեք. ի՞նչ իմանաս, ո՞ր գալակտիկա կտանեն: Եվ ընդհանրապես, եթե նման բան առաջարկի օտար մի քեռի, մեզ պես մեկը, նույնիսկ սովորական ՙՄերսեդեսով՚ կամ ՙԲՄՎ՚-ով՝ դարձյալ մի համաձայնեք. այդպիսի զբոսանքներն էլ անվտանգ չեն:
5. Բոլորովին կարիք չկա նրանց թռչող ափսեներից ինչ-ինչ մասեր քանդել-հանել, նրանք կարող են զրկվել իրենց հեռավոր մոլորակը վերադառնալու հնարավորությունից: Ընդհանրապես, ուրիշի սարքերին՝ լինի թռչող ափսե, թե սովորական ավտոմեքենա, ձեռք մի տվեք:
6. Նաեւ խորհուրդ չի տրվում թռչող ափսեներին խզբզել տարբեր անկիրթ բառեր, կամ, ասենք, գրել սիրելի ռոք խմբի, երգչի անունը, նաեւ գրել ՙԱ+Բ=Ս՚. ի՞նչ իմանաս, ինչպե՞ս կվերծանեն այլմոլորակայիններն այդ տառերը: Ախր նրանք չգիտեն, որ շենքերի, նույնիսկ պատմական արժեք ներկայացնող եկեղեցիների պատերին տարբեր հիմար բաներ խզբզելը ոմանց համար ՙհին ու բարի ավանդույթ է՚:
7. Եթե այլմոլորակայինը փոքր-մոքր է, ու համոզված եք, որ ձեզնից թույլ՝ կարիք չկա վիրավորել նրան, ձեռ առնել. չի բացառվում, որ այդ խեղճուկրակ հումանոիդից հետո թռչող ափսեից դուրս կգա նրա աժդահա երկրակիցը՝ քեզնից մի քանի անգամ մեծ եւ ուժեղ
8. Մի խոսքով, աշխատեք լավ տպավորություն գործել նրանց վրա, որ հաստատվեն բարի-դրացիական հարաբերություններ:
Որոշ գիտնականներ կարծում են, որ այլմոլորակայինները կարող են նաեւ շատ նման լինել մեզ, կամ նույնիսկ, ցանկության դեպքում, կարող են ստանալ մարդու կերպարանք: Այնպես որ, կիրթ ու քաղաքավարի վերաբերմունք ցույց տվեք բոլորին, անկախ նրա տեսքից ու դիրքից, ի՞նչ իմանաս, ով որտեղից է եկել կամ ում դիմակի տակից ով դուրս կգա:

   Մի խոսքով, սիրելի երեխաներ, պարզապես Մարդ եղեք:

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Комментариев нет:

Отправить комментарий